Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Հայտարարություններ

30 Դեկտեմբեր, 2016
ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն.
«Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ մինչև 2017 թվականի մարտի 18-ը:
Յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից տարածվող միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:
Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը ներկայացնում է գրավոր դիմում, որը պետք է պարունակի
- լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը.
- լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը.
- ծանուցման հասցեն, հեռախոսահամարը.
- նշում՝ տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին.
- արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում` նշում այդ մասին.
- ընտրության անվանումը և քվեարկության օրը.
- կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
- դիմումի տրման ամսաթիվը.
- դիմումատուի ստորագրությունը:
Դիմումին կից ներկայացվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակի ձևաթուղթը կարող է ներբեռնվել ԿԸՀ համացանցային կայքից՝ www.elections.am:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողը հավատարմագրվելու մասին դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, հավատարմագրման համար ներկայացվող զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրվող ներկայացուցիչների ցուցակի էլեկտրոնային ձևը և ներկայացման կարգը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականի ձևը և լրացման կարգը սահմանված են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ-ի նոյեմբերի 9-ի թիվ 120-Ն որոշմամբ: