Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

10 մարտի 2011

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին ընդունել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում իրականացվող ընտրական օրենսդրության բարեփոխումներին, ընտրական վարչարարության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: ԿԸՀ նախագահը ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնք ներառված են նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, մասնավորապես` արհեստավարժ ընտրական հանձնաժողովների կազմավորում, ԿԸՀ-ում մշտապես գործող անկախ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ձևավորում, ինտերնետային քվեարկության իրականացում:
ԿԸՀ նախագահը նաև կարևորեց նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի հնարավորինս շուտ ընդունելու անհրաժեշտությունը` գալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ճիշտ ժամանակին կազմակերպելու համար: Դեսպան Լենարչիչը նկատեց, որ թեև Վենետիկյան հանձնաժողովի կողմից նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները տեղի կունենան հունիսին, այնուամենայնիվ նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկյան հանձնաժողովի համատեղ եզրակացության նախագիծը կհրապարակվի ավելի վաղ` ապրիլին: Միաժամանակ նշվեց, որ միայն օրենսդրական դաշտի բարեփոխումները բավարար չեն, անհրաժեշտ է նաև օրենքը կիրարկելու քաղաքական կամք և ընտրությունների մասնակիցների ընտրական մշակույթի բարձրացում:
ԿԸՀ նախագահը հայտնեց իր երախտագիտությունը ՀՀ ընտրական համակարգի հանդեպ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ցուցաբերված հետաքրքրության համար` միաժամանակ կարևորելով կառույցի կողմից պարբերաբար իրականացվող դիտորդական առաքելությունների դերը, որոնք էապես նպաստում են ժողովրդավարության միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելուն և անցկացնելուն, բարձրացնում ընտրական գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, նպաստում այդ գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդմանը: Մտքեր փոխանակվեցին ընտրությունների ժամանակ տեղական դիտորդական առաքելությունների գործունեության բարելավմանն առնչվող հարցերի շուրջ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել գալիք խորհրդարանական ընտրություններին տեղական դիտորդների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործում: