Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

12 Մայիս, 2017
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է 2017 թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ ՏՏԻԿ) պատվիրակությանը:
<<Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ բարձր է գնահատել միջազգային դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունն ընտրական գործընթացներում, քանի որ դիտորդների կողմից ներկայացվող առաջարկությունները մեծապես նպաստում են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող օրենսդրության բարելավմանը>>,- ողջունելով պատվիրակության անդամներին ` իր խոսքում նշել է Տիգրան Մուկուչյանը:
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Լիզա Անսալայի խնդրանքով` ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական օրենսդրության նոր կանոնակարգումները, որոնք առնչվում են Երևանի ավագանու ընտրություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների կազմման և վարման, ինչպես նաև ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ հարցեր: Տիգրան Մուկուչյանը հատկապես կարևորել է հանձնաժողովի կողմից կազմակերպվող հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: