Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

7 փետրվարի 2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի շրջանակում, փետրվարի առաջին հինգշաբթի օրը նշվող Ընտրությունների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էր կլոր սեղան քննարկում՝ ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի և ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները քննարկել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման գործընթացներին, նախընտրական քարոզչության և քարոզչության ֆինանսավորման կանոնակարգումներին, քվեարկության օրվա ընթացակարգերին: Քննարկվել են նաև ընտրական վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված հարցեր:

Քննարկման արդյունքում քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ընտրական գործընթացների և ընտրական հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնության ու արդյունավետության բարելավման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները:

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։