Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

16 մայիսի 2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մայիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, մասնավորապես՝ զեկույցում տեղ գտած գնահատականները և հանձնարարականները:

Պարոն Մուկուչյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների ողջ գործընթացում, քանզի զեկույցում տեղ գտած առաջարկությունները կնպաստեն ընտրական համակարգի շարունակական բարելավմանը և զարգացմանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությունը իր հերթին բարձր է գնահատել հատկապես կարճ ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած աշխատանքը, և ևս մեկ անգամ շեշտվեց, որ ԿԸՀ-ն վայելել է ընտրական գործընթացի բոլոր շահառուների վստահությունը:

Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: