Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

13 Նոյեմբեր, 2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի՝ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Էդուարդի Թումանյանին տրամադրելու վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատվության քվեակարգով ընտրությամբ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել Հակոբ Սերյոժայի Հակոբյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի ընթացքում Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով:
Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ համացանցային կայքում: