Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

29 Նոյեմբեր, 2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Դավիթ Հովսեփյանի, Ռազմիկ Էվոյանի, Վարդան Վարդանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Հերմինե Նաղդալյանի, Աշխեն Հակոբյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Այսօր նոյեմբերի 29-ին` ժամը 20.00-ից <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկում է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:
Հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել է նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին թվով 12 քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում քվեարկության սկիզբը:
Նիստում մեկնարկ է տրվել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է նոյեմբերի 30-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվում` 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին
ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի: