Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

27 Փետրվար, 2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի մաս կազմող «Քաղված դասեր» աշխատաժողովների շարքի շրջանակում, կազմակերպել էր կլոր սեղան քննարկում՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացների լուսաբանում իրականացրած լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարևորել է զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերակատարումն ընտրական գործընթացներում, հատկապես՝ ընտրազանգվածին տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև ընտրողի կողմից ազատ և իրազեկված ընտրություն կատարելու գործում:
Միջոցառման մասնակիցները քննարկել են ընտրական գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները, ներկայացրել են իրենց գործնական դիտարկումները, ինչպես նաև՝ ընտրական հանձնաժողովների և ԶԼՄ ներկայացուցիչների միջև հաղորդակցման արդյունավետության բարձրացմանն ուղղված իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները:
«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։
Լուսանկարներ…