Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի ընտրական հանձնաժողովներից ներկայացուցիչներ:
Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտի մասնագետների միջև:
Երկրորդ օրն անդրադարձ է եղել կիբերանվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը: Քննարկումը բացառիկ հնարավորություն է եղել մասնակից բոլոր երկրների համար ներկայացնել իրենց մոտեցումները, արժեքավոր արձագանքներ ստանալ ընթացիկ խնդիրների վերաբերյալ:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի վաղաժամ նախապատրաստել ընտրական հանձնաժողովներին՝ ապահովելով կիբերանվտանգության և հիբրիդային տեղեկատվության զարգացող ռիսկերի իրազեկումը:
Քննարկմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Microsoft Democracy Forward ծրագիրն ու Google-ը: