Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

14 Մայիս, 2013
Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 21 և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 113 թեկնածուների գրանցումները:
ԿԸՀ որոշմամբ` «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Լևոնի Մովսեսյանի գրանցումը ևս ուժը կորցրած է ճանաչվել:
Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է Երևանի ավագանու անդամներ ընտրվելու վերաբերյալ արձանագրություն:
12 Մայիս, 2013
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:
Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին:
Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
10 Մայիս, 2013
Այսօր` մայիսի 10-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մայիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:
Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում` <<Առաքելություն>> և <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 2-ականով, <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 23-ով, <<Բարև Երևան>> կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, <<Հայ ազգային կոնգրես>> կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 6-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով և <<Օրինաց երկիր>> կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով:
Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով: