Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է.

Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. փետրվարի 23-ից, մինչև ս.թ. փետրվարի 25-ը` ժամը 18.00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

Վերը նշված տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի`

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ.

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժ.

3) բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 2 տարվա աշխատանքային փորձ կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք:

 Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները: Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել նաև ավագանու անդամները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563 129