Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի մաս կազմող «Քաղված դասեր» աշխատաժողովների շարքի շրջանակում, կազմակերպել էր կլոր սեղան քննարկում՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացների լուսաբանում իրականացրած լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարևորել է զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերակատարումն ընտրական գործընթացներում, հատկապես՝ ընտրազանգվածին տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև ընտրողի կողմից ազատ և իրազեկված ընտրություն կատարելու գործում: Միջոցառման մասնակիցները քննարկել են ընտրական գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները, ներկայացրել են իրենց գործնական դիտարկումները, ինչպես նաև՝ ընտրական հանձնաժողովների և ԶԼՄ ներկայացուցիչների միջև հաղորդակցման արդյունավետության բարձրացմանն ուղղված իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները: «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։