Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի շրջանակում, փետրվարի առաջին հինգշաբթի օրը նշվող Ընտրությունների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էր կլոր սեղան քննարկում՝ ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի և ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները քննարկել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման գործընթացներին, նախընտրական քարոզչության և քարոզչության ֆինանսավորման կանոնակարգումներին, քվեարկության օրվա ընթացակարգերին: Քննարկվել են նաև ընտրական վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված հարցեր: Քննարկման արդյունքում քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ընտրական գործընթացների և ընտրական հանձնաժողովների աշխատանքների հրապարակայնության ու արդյունավետության բարելավման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները: «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ գրասենյակը։