Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժեյրոմ Լեյրոյին, IFES հայաստանյան գրասենյակի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանին և ծրագրերի համակարգող Աննա Պապիկյանին։

Ժերոմ Լեյրոն շնորհավորել է ԿԸՀ նորընտիր կազմին՝ ընդգծելով, որ շատերին ճանաչում է տարիներ շարունակ, և չնայած հայերեն չի հասկանում, սակայն իրեն ԿԸՀ ընտանիքի մի մաս է համարում։ Ժերոմ Լեյրոն հետաքրքրվել է, թե ԿԸՀ-ն ինչպիսի աջակցության կարիք ունի և ինչ ակնկալիքներ՝ IFES-ից։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  ասելով, որ IFES-ի գործունեությանը ծանոթ է իր կյանքի տարբեր փուլերից, դեռ լրագրողական տարիներից, ապա պատգամավորական գործունեության տարիներից։

Նա կարևորել է ժողովրդավարության կայացման գործում IFES-ի ներդրած ջանքերը՝ ընդգծելով, որ առանց թափանցիկ ու արդար ընտրությունների, ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է։ ԿԸՀ նախագահն ուշադրություն է հրավիրել կառույցի ռեսուրսների ավելացման վրա, ապա խոսել մարզային նոր գրասենյակների ձևավորման անհրաժեշտության մասին։ ԿԸՀ-ն ցանկություն ունի 28 ընտրատարածքային հանձնաժողովների հիմնա վրա ձևավորել անկախ գրասենյակներ, որոնք կհամարվեն իրավունքի ու ժողորդավարության պաշտպանության գրասենյակներ։ Այնտեղ դասընթացներ կիրականացվեն ընտրական իրավունքի վերաբերյալ, ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ ընտրական պրոցեսներին։ Հովակիմյանը հիշեցրել է, որ այժմ տարածքային հանձնաժողովներն առանձին գրասենյակներ չունեն և հիմնականում մարզպետարաններում կամ այլ պետական շենքերի տարածքում են գործունեություն ծավալում։

Այս գաղափարի հեղինակը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն է, նրա մոտ նման միտք է հղացել տեղամասային ընտրական հանձնաժողովներում ուսուցման ծրագրերից հետո, քանի որ տարածքային հանձնաժողովները չունեն այնպիսի պայմաններ, որ  հնարավոր լիներ օգտագործել  ուսուցման պրոցեսն ավելի բարելավելու համար։ Սմբատյանի խոսքով՝ նման ուսումնական կենտրոնները կարող են ծառայել ոչ միայն ընտրական վարչարարության, այլ ցանկացած դասընթացների համար, ծրագրում  կարող է ներառվել  նաև ցանկացած այլ կառույց, որը ժողովրդավարությամբ կամ մարդու իրավունքներով  է զբաղվում։

Ժերոմ Լեյրոն ընդգծել է ԱՄՆ ՄԶԳից (USAID)-ից ստացված վերահաստատումն առ այն, որ ԿԸՀ-ն առաջնահերթություն է։ Կողմերն ընդգծել են հանդիպումների շարունակականության կարևորությունը, որպեսզի հնարավորություն ունենան կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ սահմանելու։