Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավոր արարողությամբ բացվել է ԿԸՀ ուսումնական և ռեսուրսային կենտրոնը: Կենտրոնը ԿԸՀ հետ համատեղ հիմնադրվել է Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցության ծրագրի (ՀԸԳԱ) աջակցությամբ` ԿԸՀ ուսուցման և լիցենզավորման գործընթացների համակարգման և դյուրացման, ինչպես նաև ընտրություններին վերաբերող հրատարակություններ հավաքագրելու նպատակով։

Կենտրոնին գրքեր և ձեռնարկներ են նվիրաբերել «Միջազգային IDEA» կազմակերպությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵՄ ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության աջակցության ծրագիրը և ԵՄ-ՄԱԶԾ Բրյուսելյան համատեղ աշխատանքային խումբը։ Որպես Կենտրոնի գործունեության մի մաս՝ ծրագիրը նաև աջակցել է ԿԸՀ-ին ստեղծելու և փորձարկելու առցանց ուսուցման հարթակ՝ նախատեսված ընտրական գործընթացի մասնակիցների առավել լայն շրջանակի համար։ Կենտրոնի և առցանց ուսուցման հարթակի ստեղծումը հնարավոր է դարձել ԵՄ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի և Հայաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորման միջոցով՝ ՀԸԳԱ ծրագրի շրջանակներում։ Հարթակի հետագա կատարելագործումը կշարունակվի 2020 թվականին ՀԸԳԱ-2 ծրագրի շրջանակներում՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ՀԸԳԱ-2 ծրագրի շրջանակներում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ի (CRRC) կողմից այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին իրականացրած հետընտրական հարցման արդյունքները: Հարցումն իրականացվել է ընտրական գործընթացների հանդեպ հասարակության վստահությունը, ընտրողների գրացման և ընտրական այլ գործընթացների վերաբերյալ իրազեկման մակարդակը չափելու, ինչպես նաև ԿԸՀ նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի մասին ամբողջական պատկեր ունենալու համար՝ Ճապոնիայի կառավարության և Բրիտանիայի «Կոնֆլիկտների և կայունության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։