ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին, այցելել է քվեարկության արդյունքների ամփոփման կենտրոններ։

ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է նաև Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպությունը (IFES): ՀՀ ԿԸՀ անդամները IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 3-ից 6-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել են ԱՄՆ ընտրությունների ծրագրին (USEP): Այն համախմբում է ողջ աշխարհից ժամանած 60 երկրների ընտրական մարմինների պաշտոնյաներին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու ԱՄՆ ընտրական համակարգը։