Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ապրիլի 6-ին մասնակցել է ԱՐԵԳԱԿ՝ «Ընտրելու իմ իրավունքը» հավելվածի շնորհանդեսին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԿԸՀ նախագահը՝ ողջունելով հավելվածի հեղինակներին։ Հովակիմյանն իր համոզմունքն է հայտնել, որ ներառականության ապահովումը հանրային գործունեությամբ զբաղվողների պարտքն է։ ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ ներառականության ապահովմամբ  ոչ թե որևէ մեկին լավություն են անում, այլ՝ պարտականություն կատարում։

«Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր ջանքերը գործադրել ու գործադրելու է, որպեսզի ընտրական գործընթացներում  ներառականության ապահովումը լինի լիարժեք»,-ասել է Վահագն Հովակիմյանը։

 Քննարկումը նախաձեռնել են հավելվածի համահեղինակները՝ «Մենք Կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների, նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES)։

Հավելվածը տեղ կգտնի նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: