Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններին հրավիրում է քննարկումների շարքի։
Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների նախընտրած օրը: Դասընթացը նախատեսում է կարևոր տեղեկություններ տրամադրել՝ կուսակցությունների կանոնադրությունները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ընտրական ցուցակները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ:
«Ընտրական օրենսգիրք» և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում կատարված վերջին փոփոխությունների անտեսումը կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղական ինքնակառավարման կամ համապետական ընտրություններում կուսակցությունների մասնակցության համար: Այս նպատակով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը և Ազգային ժողովրդավարական ինստիտուտը կազմակերպել են առաջարկվող հանդիպում-դասընթացը՝ աջակցելու կուսակցություններին իրենց պարտականությունները կատարելու հարցում:
Դասընթացը կանդրադառնա կուսակցությունների կանոնադրության և ընտրական ցուցակների ներկայացման խնդիրներին: Մեր ուսուցանողները կտրամադրեն տեղեկություններ կանոնադրության օրենսդրական պահանջների համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև գործնականում կցուցադրեն ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ընթացակարգը:
Յուրաքանչյուր կուսակցությունից երկու ներկայացուցիչ կարող են մասնակցել դասընթացներից որևէ մեկին, որոնք տեղի կունենան ԿԸՀ շենքում՝ ք. Երևան, Գևորգ Քոչար 21ա հասցեում: Ցանկալի է, որ դասընթացին ընդգրկվեն այն անձինք, ովքեր կուսակցությունում ավանդաբար զբաղվում են առաջադրման փաստաթղթերի նախապատրաստմամբ և փաստաթղթավորմամբ։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը, ժամը 12.00 լրացնել մասնակիցների տվյալները՝ սեղմելով https://forms.office.com/r/tt7vbEDcPh հղումը և նշելով դասընթացի՝ նախընտրած ամսաթիվը: Խնդրում ենք հաշվի առնել, որ գրանցումն անհրաժեշտ է, քանի որ տեղերը սահմանափակ են:
ԿԸՀ-ն ակնկալում է կուսակցությունների ակտիվ մասնակցությունը։