Մայիսի 2-ից 4-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցան դասընթաց-քննարկումներ, որոնք կազմակերպվել էին Հայաստանում գրանցված կուսակցությունների ներկայացուցիչների համար։ Դասընթաց-քննարկումները կազմակերպվել էին Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համատեղ։

Դասընթացի ժամանակ մասնակիցներին ներկայացվել են կուսակցությունների կանոնադրությունները Հայաստանի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելուն առնչվող խնդիրները, ինչպես նաև ընտրական ցուցակները էլեկտրոնային եղանակով ԿԸՀ ներկայացնելու համակարգը:

Քննարկումների մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ողջունելով մասնակիցներին և հիշեցնելով, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում 2020 և 2021 թվականներին արված փոփոխությունների զգալի մասը 2022 թվականի հունվարից ուժի մեջ է, և դասընթացների հիմնական նպատակը կուսակցություններին փոփոխությունների մասին իրազեկելն է։ Հովակիմյանն ընդգծել է՝ Ընտրական օրենսգրքի ներկա կարգավորումները պահանջում են, որպեսզի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կանոնադրությունները համապատասխանեն «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին։

Քննարկումներին մասնակցել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

ԿԸՀ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը քննարկումների շարքը շարունակել այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ ևս և տրամադրել  անհրաժեշտ ողջ տեղեկատվությունները։