Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 15-ին ԿԸՀ-ում տեղի ունեցավ հանդիպում տեսողության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և «Ներառական իրավական բարեփոխումների» կոալիցիայից անդամներ։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց հյուրերին՝ հավաստիացնելով, որ ընտրական գործընթացում ներառականության ապահովումը ԿԸՀ-ի համար առաջնահերթություն է։ ԿԸՀ նախագահն ուրախությամբ նշեց, որ բրալյան կաղապարների կիրառումն ընտրություններում արդեն ավանդույթ է դարձել։ Նա ասաց, որ IFES-ի գործընկերներն արդեն տեղեկացրել են, որ Երևանի ընտրություններում օժանդակելու են այդ հարցում։

IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն իր խոսքում կարևորեց  ԿԸՀ-ի նախաձեռնությունը՝ տեսողության խնդիր ունեցող անձանց հետ քննարկելու  ընտրական գործընթացներում կիրառվող ընտրական գործիքների բարելավման  և դրանց հասանելիության հետ կապված  խնդիրները, որոնք ուղղված են վերջիններիս  ընտրական իրավունքի իրացմանը։

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը կարևորեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկած ներառականությանը նպաստող ընտրական գործիքների կիրառումը շարունակական բնույթ է կրում և ԿԸՀ-ը միտված է դրանց բարելավմանն ու զարգացմանը։ Տերչանյանը հիշեցրեց, որ բրալյան կաղապարները կիրառվել են նաև այս տարվա մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրություններում։

Տեսողության խնդիր ունեցող անձինք, որոնք նախորդ ընտրություններին քվեարկությանը մասնակցել էին բրալյան կաղապարների օգնությամբ, ներկայացրին իրենց հանդիպած խնդիրները՝ առաջարկելով այլ լուծումներ և բարելավումներ՝ ինչպես քվեաթերթիկի արտաքին տեսքի, այնպես էլ ՝ բրալյան կաղապարների տեխնիկական լուծումների առնչությամբ։

ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրեց ԿԸՀ կայքի ներառականության հնարավորությունները, որտեղ ներդրված նոր գործիքները հնարավորություն են  տալիս թույլ տեսողության խնդիրներ ունեցողներին օգտվելու կայքի տեղեկատվությունից։ Նշվեց նաև, որ ԿԸՀ կայքի լուրերն ու նորությունները  տեղադրված են ձայնային հաղորդագրությամբ, իսկ առաջիկայում  ԿԸՀ նիստերը կուղեկցվեն ժեստերի լեզվի թարգմանությամբ։

ԿԸՀ-ն վերահաստատում է ընտրական գորընթացներում ներառականության ապահովման իր հանձնառությունը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է և՛ ընտրատեղամասերի մատչելիության ապահովման, և՛ հաշմանդամության տարբեր տեսակի խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման համար։