2025 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ չի եղել որևէ ահազանգ, որն անարձագանք է մնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Դեկտեմբերի 24-ին ԿԸՀ վարչական շենքում հրավիրված մամուլի ասուլիսին վստահեցրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ խոսելով թիվ 14 և թիվ 31 ԸԸՀ-ների կազմակերպած Փարաքար, Վաղարշապատ և Գյումրի համայնքների ավագանիների ընտրությունների մասին։

ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ վերոնշյալ որևէ ընտրության քվեարկության արդյունք չի վիճարկվել։

2025 թվականի մարտի 30-ին կայացած Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում թիվ 14 ԸԸՀ-ն դիմումներ չի ստացել։

Մարտի 30-ին Գյումրի համայնքում կայացած ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում թիվ 31 ԸԸՀ-ն ստացել է 7 դիմում, որոնց ուսումնասիրմամբ, ըստ անհրաժեշտության, օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ հանձնաժողովը ձեռնարկել է համապատասխան միջոցներ և իրազեկել դիմումատուներին։

2025 թվականի նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 ԸԸՀ-ն ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավասու սուբյեկտների կողմից ներկայացվել է 3 դիմում, որոնցից երկուսին պատասխանը եղել է գրավոր, իսկ մեկ դիմումով հարուցվել է վարչական վարույթ, և հանձնաժողովը կայացրել է նոյեմբերի 10-ի թիվ 33-Ա որոշումը։

Ատեստավորում

2025 թվականին առաջին անգամ ԿԸՀ-ն իրականացրել է 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման գործընթացը, որը պայմանավորված է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխություններով։

Ատեստավորումն իրականացվել է երկու փուլով, առաջին փուլն իրականացվել է հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը, որում ընդգրկված են եղել Հանրապետության մարզերն ընդգրկող թվով 27 ԸԸՀ-ները, բացառությամբ թիվ 14-ԸԸՀ-ի, որը պատասխանատու էր Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար:

Առաջին փուլի շրջանակներում պարտադիր ատեստավորմանը մասնակցել է ԸԸՀ 169 անդամ, բացակայել է 14 անձ, 8-ը՝ անհարգելի, 6-ը՝ հարգելի պատճառներով։ Անցողիկ շեմը չի հաղթահարել 12 անձ, իրենք հնարավորություն են ստացել մասնակցել կրկնակի ատեստավորման։ 12 անձանցից կրկնակի ատեստավորմանը ներկայացել է մեկը, որը չի հաղթահարել բանավոր հարցազրույցի պահանջները։ 7 անձ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմում է ներկայացրել։ 4 ԸԸՀ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել։

Դեկտեմբերի 3-ից 10-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ԸԸՀ անդամների ամենամյա պարտադիր ատեստավորման երկրորդ փուլը։ Այս փուլում ընդգրկված են եղել Երևանի 10 ԸԸՀ-ները և Վաղարշապատ համայնքն ընդգրկող թիվ 14 ԸԸՀ-ն։ Ատեստավորման մասին ծանուցվել է 77 անձ, մասնակցել է 66-ը, անհարգելի՝ առանց դիմումի, բացակայել է 3 անձ։ Մասնակիցներից անցողիկ շեմը չի հաղթարահել չորս անդամ, ևս երկուսը լիազորությունների վաղաժամ դադարեցման դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ատեստավորման երկրորդ փուլի բացականերին, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած անձանց հնարավորություն է տրվելու 2026 թվականի հունվարի 12-ին կրկին ատեստավորման մասնակցել։

 

2026-ի համապետական եւ ՏԻՄ ընտրություններ

ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսում խոսել է 2026 թվականին սպասվող համապետական եւ ՏԻՄ հերթական ընտրությունների մասին։ ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրություններ նշանակելու իրավունքը բացառապես Հանրապետության նախագահինն է, այնուամենայնիվ հղում անելով Սահմանադրությանը ընդգծել է, որ ԱԺ ընտրությունների օրվա նշանակման միջակայքը հունիսի 2-ից 12-ն է, իսկ այդ միջակայքում միակ կիրակին հունիսի 7-ն է։

Խորհրդարանի ընտրությունների օրը, Սահմանադրության համաձայն, նշանակվում է գործող խորհրդարանի լիազորությունների ստանձնումից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ գործող խորհրդարանն իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

Սպասվող համապետական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը լինելու է 4%, մինչև 3 կուսակցություն ունեցող դաշինքի համար` 8%, 4 և ավելի կուսակցություն ունեցող դաշինքի պարագայում՝ 10%։

Ընտրական գրավը կուսակցության դեպքում 7,5 մլն դրամ է, դաշինքների համար՝ 15 մլն դրամ։

ԿԸՀ-ն առաջիկա համապետական ընտրություններին մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ է կիրառելու նախընտրական քարոզչության և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության և ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով։ Այս հարցում ԿԸՀ-ն միջազգային գործընկերների համագործակցությամբ մոնիթորինգային նոր ծրագրեր է կիրառելու, որոնք հնարավորություն են տալու համացանցում տեղի ունեցող նախընտրական քարոզչությունն ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել։ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է ԿԸՀ-ի ու ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի՝ օրեր առաջ ստորագրած համագործակցության հուշագրին, որը ենթադրում է 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք օժանդակություն։

Հարց հնչեց այն մասին, թե արդյոք ԿԸՀ-ն գրանցելո՞ւ է բոլոր այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք իրենց փաստաթղթերը կներկայացնեն ընտրական մարմնին, ինչին ԿԸՀ նախագահը վստահեցրել է՝ Ընտրական օրենսգրքով պահանջվող բոլոր փաստաթղթերի ներկայացումից հետո ԿԸՀ-ն չի կարող չգրանցել որևէ քաղաքական միավորի։

ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվեցին նաև ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ, ԿԸՀ նախագահը վկայակոչելով ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերին ԿԸՀ փոխանցած տվյալները, հաղորդեց, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 462 հազար 71 է։

Բացի համապետական ընտրություններից հաջորդ տարի սպասվում են նաև հերթական ՏԻՄ ընտրություններ՝ թվով 46 համայնքներում։

Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան համայնքներում ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, Կապան համայնքի  ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 30-ին, Եղեգնաձոր, Իջեւան  համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի նոյեմբերի 22-ին։

Ընտրություններ են սպասվում նաև Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

ԿԸՀ նախագահը նաև խոսել է այս տարվա ապրիլի 10-ին ԿԸՀ-ի ընդունած 2025-2028 թվականների ընտրական համակարգի զարգացման ռազմավարական պլանի մասին, որով է պայմանավորված ԿԸՀ նոր կառուցվածքի ընդունումը։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ նոր կառուցվածքով ԿԸՀ-ն ունենալու է ուսումնական կենտրոն և ավելի համակարգված և ինստիտուցիոնալ է իրականացնելու ընտրություններում ներգրավված սուբյեկտների ուսուցումը։