Ս․թ․ հունվարի 14-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկնարկեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» ARTEMIS ծրագիրը՝ «Մատչելի ընտրություններ» խորագրով աշխատաժողովով։

Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ ընտրական գործընթացների մատչելիությունը ԿԸՀ-ի առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացվել են մի շարք համակարգային քայլեր՝ ֆիզիկական, տեղեկատվական և քվեարկության մատչելի լուծումների ներդրման ուղղությամբ, սակայն ոլորտում դեռևս կան շարունակական բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ։ ԿԸՀ նախագահը շեշտեց, որ քննարկումների առանցքում ընտրական գործընթացների մատչելիությունն է՝ որպես ժողովրդավարական և ներառական ընտրությունների կարևոր բաղադրիչ։

Բացման խոսքով հանդես եկան նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով ծրագրային, օրենսդրական և մարդու իրավունքների այն առանցքային հարցերին, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացմանը։

Աշխատաժողովին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Միջոցառումն անցկացվեց պանելային քննարկման, հարցուպատասխանի և առաջարկությունների հավաքագրման ձևաչափով։

Աշխատաժողովն իրականացվում է ՄԱԶԾ ARTEMIS ծրագրի շրջանակներում։