ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մարտի 11-ին ԿԸՀ շենքում մամուլի ասուլիսով է հանդես եկել՝ խոսելով «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի» ՝ առաջիկա ընտրություններում նոր կիրառվող դրույթների մասին։

Անցողիկ շեմ․ Կուսակցությունների դեպքում շեմը դարձել է 4%, մինչև երեք կուսակցությունների դաշինքի պարագայում անցողիկ շեմը 8% է, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում՝ 10%:

Ընտրական գրավ-Կուսակցությունների պարագայում գրավի չափը դարձել է 7,5 միլիոն դրամ, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն դրամ։ Կոալիացիաների կազմավորման սկզբունք-ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի նախկին կարգավորումների համաձայն, ԱԺ ընտրությունների դեպքում արգելվում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաներ ձևավորել։

Այժմ կոալիցիաներ հնարավոր է ձևավորել նաև երեք քաղաքական ուժի պարագայում։ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին, և եթե այդ քաղաքական ուժն այդ ժամկետում չի կարողանում կոալիցիա կազմել, ապա դրանից հետո կոալիցիա ձևավորելու 5-օրյա ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին։

Բոնուսների (լրացուցիչ մանդատների) ինստիտուտ- Այն նախկինում 54% էր, այժմ՝ 52%։ Լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը մանդատների մեծամասնություն կունենա։ Եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող։ Իսկ եթե որևէ քաղաքական ուժ ունենա մանդատների մեծամասնություն, սակայն այն 52 %-ից պակաս լինի, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն վերջինիս կտրվեն լրացուցիչ մանդատներ՝ 52 տոկոսը լրացնելու նպատակով։

ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ առավել շատ բնակչություն ունեցող չորս ազգային փոքրամասնությունները ներկայացված են լինում խորհրդարանում, և այն իրավիճակում, երբ քաղաքական ուժն ունի մեծամասնություն, սակայն այն 52%-ից ցածր է, դա նշանակում է, որ տվյալ ուժն ուղղակի կախվածության մեջ է ազգային փոքրամասնության պատգամավորների որոշումից։ Այս լրացուցիչ մանդատների ներդրման իմաստն այն է եղել, որ ազգային փոքրամասնություններին զերծ պահեն ՀՀ-ի ներքաղաքական բանավեճերի կիզակետում հայտնվելուց։

Եթե քաղաքական ուժի ստացած ձայները 2/3-ից պակաս լինեն, սակայն մանդատները լինեն 2/3-ից ավելի, 2/3-ի շեմն գերազանցող մանդատները կբաշխվեն շեմը չհաղթահարած  մանդատների բաշխմանը չմասնակցող, բայց 2% և  ավելի ձայներ ստացած քաղաքական ուժերի միջև։

Մյուս փոփոխության համաձայն, հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։

Նախընտրական հիմնադրամներ-Հիմնադրամ կարող են մուծում կատարել բացառապես կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները իրենց պաշտոնական հաշվեհամարներից։ Այդ հաշվեհամարների գումարը կարող է ձևավորվել բացառապես քաղաքացիների կատարած նվիրատվություններից։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է կուսակցությանը նվիրաբերել տարեկան 10 միլիոն դրամից ոչ ավելի գումար։

Հարց հնչեց, թե արդյոք կարո՞ղ է ԿԸՀ-ն արտաքին գործոնով պայմանավորված մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հստակեցրել է, եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են, ԿԸՀ-ն որպես այդպիսին գրանցման հարց չի քննարկում, կարող է քննարկել բացառապես միայն եթե փաստաթղթերը ներկայացված չեն կամ թերի են ներկայացված, և չի լրացվել։ Այդ ժամանակ կարող է գրանցման առարկությունը դրվել քվեարկության, և հանձնաժողովի ընդհանուր թվի 2/3 ձայներով մերժել գրանցումը։ Եթե չկա առարկություն, քաղաքական ուժն առանց քվեարկության գրանցվում է։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հարցին, ԿԸՀ նախագահը հստակեցրել է, որ ԿԸՀ-ն նման դեպքերում կարող է դիմել դատարան, և վերջինս կարող է ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը։

ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք արգելված չէ մինչ նախընտրական քարոզչության ժամկետը քարոզչություն իրականացնելը։

ԿԸՀ նախագահը հստակեցրել է՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ոչ թե իրավունքի շրջան է, այլ սահմանափակումների։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ քաղաքական ուժերը մինչ նախընտրական քարոզչության մեկնարկը ազատ են քարոզչություն կատարել։

Կարեւոր ժամկետներ

Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ էլեկտրոնային դիմում կարող է ներկայացնել մինչ ապրիլի 23-ը,

 Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մայիսի 3-ը, ժամը 18:00-ն,

Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը,

Ընտրական տեղամասերը կազմավորվում են մինչև ապրիլի 23-ը,

ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ ընտրական տեղամասերի, ԿԸՀ կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվում է մինչև ապրիլի 27-ը

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։