Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի նիստում սահմանել է համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու կարգը:

Վերոնշյալով կարգավորվում են Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու հետ կապված հարաբերությունները։

Կուսակցության թեկնածուն իրավունք ունի ներկա գտնվելու նիստին:

Նիստին միաժամանակ կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ թեկնածու։

Նիստին ներկա գտնվելու համար Կուսակցության թեկնածուն պարտավոր է գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Նիստին ներկա գտնվելու համար Կուսակցության թեկնածուն պարտավոր է տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայականը:

Կուսակցության թեկնածուն իրավունք ունի լուսանկարել և տեսանկարահանել նիստի ընթացքը։

Չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով նիստի ընթացքը՝ Կուսակցության թեկնածուն կարող է ինքնուրույն կատարել քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների, քվեարկության կտրոնների): 

Կուսակցության թեկնածուն իրավունք չունի միջամտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և նիստի ընթացքին, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին տալ ցուցումներ, ներկայացնել պահանջներ։

Կուսակցության թեկնածուն, եթե ներկա է եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, իրավունք ունի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում:

Կուսակցության թեկնածուն իրավունք ունի ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։