Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման Թայեքս գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած աշխատանքային խումբը մարտի 30-ից ապրիլի 3-ը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։

Թայեքսը կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որը տրամադրում է հիմնականում անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Թայեքսը տրամադրում է չորս տեսակի աջակցություն՝ աշխատաժողովներ, փորձագիտական առաքելություններ, գնահատողական առաքելություն, ճանաչողական այցեր։

Իրականացված հնգօրյա առաքելության նպատակն է ամրապնդել ԿԸՀ-ի ռազմավարական հաղորդակցության և քաղաքացիական կրթության կարողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանձնաժողովում վերջերս ձևավորված Ուսուցման ստորաբաժանման զարգացմանը։

Առաքելությունը ներկայացրել է ժամանակակից մոտեցումներ՝ ներառյալ վարքաբանական գիտության կիրառումը, ռազմավարական կանխատեսումների մեթոդաբանությունները, արհեստական բանականության վրա հիմնված հաղորդակցման գործիքները և հաղորդակցության ժամանակակից գործառնական մոդելները։ Բացման խոսքով հանդես են եկել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի պատասխանատու Լուկա Սավիոլոն։

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ ժամանակակից ռազմավարական հաղորդակցությունը ընտրությունների կազմակերպման մարմիններում, հաղորդակցության պլանավորումն ընտրական փուլի ողջ ընթացքում, հաղորդակցությունը որպես ինստիտուցիոնալ գործառույթ, ճգնաժամային հաղորդակցություն և արձագանքում ապատեղեկատվությանը և այլն։