Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15։00-ին գումարած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ որոշումը

ԿԸՀ որոշմամբ՝ անվավեր է ճանաչվել Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմումը։

18։30-ին գումարած նիստում ԿԸՀ-ն անվավեր է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամի Դավուդյանի գրանցումը:

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Միքայելյանի և Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Հովհաննիսյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

ԿԸՀ որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 21 կուսակցությունների և 4 դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել է նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին թվով  12 քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում քվեարկության սկիզբը:

Նիստում մեկնարկ է տրվել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է հունիսի 11-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից և ավարտվում` 2021 թվականի հունիսի 13-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 650 քաղաքացի:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ից,  «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) կմեկնարկի հունիսի 20-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը: