Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ:
          Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am :