Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը Վրաստանում մասնակցել են «Ընտրությունների կառավարման մարմինների 10-րդ ամենամյա միջազգային համաժողովին»։ 

Համաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-26-ը, որին մասնակցում էին տարբեր ընտրական մարմիններ, ընտրական թեմաներով աշխատող միջազգային կազմակերպություններ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և ընտրական տեխնոլոգիաներ վաճառող ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները երկօրյա համաժողովի ընթացքում քննարկեցին հետևյալ թեմաները՝ «Էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրումը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը ընտրական գործընթացների վրա»։ Համաժողովի մասնակիցները փորձի ու կարծիքների փոխանակում կատարեցին այս թեմայով:

Ելենա Այվազյանը հանդես է եկել զեկույցով՝ «Ընտրությունների թվայնացում․ զարգացման փուլերը և հեռանկարները» թեմայով։ Նա ներկայացրել է ընտրական գործընթացներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները։