Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով  միջազգային գագաթաժողով։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրված էին ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։

Գագաթաժողովի նպատակն էր ընտրությունները կազմակերպող մարմինների միջև փորձի փոխանակում կազմակերպել, հասկանալ հիմնական մարտահրավերներն ու հրավիրյալ երկրների ընտրական մարմինների կարողությունները։

ԿԸՀ անդամները ամփոփելով այցը նշում են՝ գագաթաժողովին Հայաստանը ներկայացված է եղել որպես պատվավոր հյուր, իսկ մասնակցությունն ինքնին արդյունավետ էր, քանի որ հնարավորություն է ստեղծվել մասնագիտական քննարկում ծավալել ընտրական տարբեր գործիքակազմերի վերաբերյալ, դիտարկել տարբեր երկրների ընտրական նորարարությունները։

Գագաթաժողովին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Մավրիկիոսի Հանրապետության ընտրական հանձնաժողովների, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), ՄԱԿ-ի,  Նեպալի, Կաբո Վերդեի, Ավստրալիայի, Չիլիի, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Ֆիլիպինների, ինչպես նաև Միջազգային IDEA կազմակերպության ներկայացուցիչներ,  դեսպաններ/Գերագույն հանձնակատարներ և այլ անդամներ Կոստա Ռիկայից, Գանայից, Ջամայկայից, Ալբանիայից, Նեպալից, Չեռնոգորիայից, Իսպանիայից և այլ պաշտոնատար անձինք։

Գագաթաժողովը շարունակական է լինելու, հաջորդիվ կոնֆերանսների խորագրերն են՝ «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» և «Ներառական ընտրություններ և ընտրությունների ամբողջականություն»։