Տեղեկատվական թերթիկ
Հարգելի´ մասնակից,
Խնդրում ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի ամենամյա պարտադիր ատեստավորմանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, ատեստավորման մեկնարկից առնվազն 15 րոպե շուտ:
Ատեստավորումն անցկացվում է ստուգարքի և հարցազրույցի միջոցով:
Ստուգարքն անցկացվում է հայերեն լեզվով՝ թեստավորման միջոցով՝ համակարգչային կամ թղթային եղանակով:
Թեստային առաջադրանքների հարցերը ընդգրկում են հետևյալ բնագավառները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:
Թեստային առաջադրանքների հարցաշարը տեղադրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Ստուգարքի փուլը համարվում է հաղթահարված, եթե Հանձնաժողովի անդամը հավաքել է միավորների ընդհանուր թվի առնվազն 80 տոկոսը։
Ստուգարքի փուլը հաղթահարած Հանձնաժողովի անդամները անցնում են հարցազրույցի փուլ: Հարցազրույցի փուլն անցկացվելում է ստուգարքի ավարտից հետո:
Հարցազրույցի փուլում գնահատվում է Հանձնաժողովի ատեստավորվող անդամների բարեվարքության, վարվեցողության, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, հաղորդակցվելու, տեղեկատվությունն արագ ու ճիշտ վերլուծելու, հարցերին արագ և պատշաճ պատասխանելու, թիմային աշխատանք կատարելու, պատասխանատու գործելու և այլ հմտությունները, ունակություններն ու կարողությունները։
Տեղեկացնում ենք նաև, որ
Հանձնաժողովի անդամի կողմից հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է Հանձնաժողովի անդամի անձնական գործին։
Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի N 33-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով, ինչպես նաև նույն որոշման (ԿԸՀՈ N 33-Ն 28.03.25թ.) N 2 հավելվածով սահմանված կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետներում ատեստավորմանը չներկայանալը կամ մասնակցելուց հրաժարվելը Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմք է։
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Հանձնաժողովի անդամը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում:
Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Հանձնաժողովի անդամը պետք է ներկայացնի բացակայությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթի պատճեն):