Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  թիվ 34 և Կապան քաղաքի թիվ 35, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 36, Երևանի թիվ 1, թիվ 2, թիվ 6, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 19, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 27 և Նոր Հաճն քաղաքի թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում առաջացել են մեկական թափուր պաշտոն, իսկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում՝  երկու թափուր պաշտոն։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը` ժամը 18.00-ն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։ Վերոնշյալ թափուր պաշտոնների համալրման նպատակով»՝ թիվ 36, թիվ 27 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում թափուր պաշտոններում պետք է նշանակվեն իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ թիվ 6 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ արական սեռի ներկայացուցիչներ։ Թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում առնվազն մեկ թափուր պաշտոնում պետք է նշանակվի իգական սեռի ներկայացուցիչ։

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից ( ՀՀ, ք․Երևան,Գևորգ Քոչար 21 Ա,):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները․

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով»։

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 563 129 հեռախոսահամարով։