ԿԸՀ մասին


Հասցե`
Գ. Քոչար փ. 21ա 0009, Երեւան, ՀՀ
Էլ.փոստ`
cec@elections.am
Հեռ., ֆաքս`(374 10) 543 523

Տեղեկատվական անվտանգության քաղաքականություն


Որակի քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:

Մինչ Հայաստանի Հանրապետության անկախությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում էր «ՀԽՍՀ ժողովրդական դեպուտատների ընտրությունների մասին» ՀԽՍՀ օրենքով: 1990 թվականից սկսած ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց նաև ընտրություններին վերաբերող մի շարք նոր օրենքներ, կատարեց փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:

«ՀՀ տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընտրական գործընթացները կարգավորվում էին ՀՀ օրենքով սահմանված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: «ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընտրական գործընթացները կարգավորում էր ՀՀ օրենքով սահմանված Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը:

1991 թվականի ապրիլին ընդունված «ՀՀ հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ Հանրապետությունում հանրաքվեների նախապատրաստումն ու անցկացումն իրականացնում էր Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:

Համաձայն 1991 թվականի օգոստոսին ընդունված «ՀՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ. ՀՀ Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ և ՀՀ Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

ՀՀ Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում էր «ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

1995 թվականի մարտի 27-ին Գերագույն խորհուրդի կողմից ընդունվեց ՀՀ սահմանադրական օրենք, որով ՀՀ նորընտիր Գերագույն խորհուրդը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

1995 թվականի ապրիլի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքը, որով սահմանվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը:

1999 թվականի փետրվարին ընդունվեց ՀՀ առաջին ընտրական օրենսգիրքը, իսկ 2011 թվականի հունիսին՝ ՀՀ երկրորդ ընտրական օրենսգիրքը։

2016 թվականի մայիսի 25-ին ընդունվել և գործում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը, որի 42-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ՝ հանձնաժողովի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:

1999 թվականից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ACEEEO) անդամ է: